ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Երբեք պաշտոն չեմ ուզել, չեմ էլ ուզում, որովհետև ջազմենն ազատ մարդ է»

«Երբեք պաշտոն չեմ ուզել, չեմ էլ ուզում, որովհետև ջազմենն ազատ մարդ է»
19.06.2009 | 00:00

«90-ԱԿԱՆՆԵՐԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՊՐԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՅՍ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԽԵՂՃԱՑՆԻ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Արդյոք գիտի՞, թե որքան սիրելի է ինքը բոլորիս համար: Անշո՛ւշտ, գիտե: Եթե ոչ, ևս մեկ անգամ հավաստենք, որ մեր հոգիներում մի տաք անկյուն կա՝ պահված հատկապես իր՝ թանկագին մաեստրոյի, վիրտուոզ Մալխասի համար: Այսօր ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «Իրավունքը de facto»-ի հյուրն է:

«ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՋԱԶԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԷՐ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ»
-Մաեստրո, ջազը կաղապարներ, կաշկանդումներ չհանդուրժող, ըմբոստ արվեստ է: Անշուշտ, Դուք ևս էությամբ այդպիսին եք: Ի՞նչն է մեր այսօրվա իրականության մեջ Ձեզ համար անընդունելի և անհանդուրժելի:
-Ըմբոստանալը հարիր էր սովետական իրականությանը, երբ ջազը, մեղմ ասած, հարգի չէր և համարվում էր բուրժուական մշակույթ: Արգելվում էին անգամ ջազային համերգները, ելույթները: Բայց, ի տարբերություն սովետական մյուս քաղաքների, Երևանում բավականին նպաստավոր պայմաններ կային թե՛ ինձ, թե՛ առհասարակ ջազմենների համար: Ես ջազով զբաղվում եմ մոտ հիսուն տարի` սկսած 1965 թվականից, երբ որևէ վարձատրության մասին խոսք անգամ չէր կարող լինել: Եթե ջազմեններին չէին արգելում ելույթներ ունենալ, դա արդեն ամենամեծ վարձատրությունն էր: Ես սովետական տարիներին կարողացա խումբ ստեղծել, մասնակցել հատուկենտ ջազ-փառատոների, համերգներ տալ կոմպոզիտորների միության, ֆիլհարմոնիայի փոքր դահլիճներում։ 1985-ին, երբ մի քիչ կոտրվել էին գաղափարական պատնեշները, Երևանում կազմակերպեցի համամիութենական ջազային եռօրյա փառատոն, որը մեծ պայթյուն էր մեր իրականության մեջ: Եվ զարմանալի էր, որ այդ փառատոնի մասին գրեց անգամ սովետական գաղափարախոսության ավանգարդ «կՐՈՉՊՈ» թերթը: Այնպես որ, ջազն ազատություն է սիրում, ջազմենները` նույնպես: Իսկ թե ես այսօրվա իրականության մեջ ինչի դեմ կուզենայի ըմբոստանալ, ասեմ` առաջին հերթին մեր քաղաքի երաժշտության դեմ: Մեր բոլոր բարձրակարգ ռեստորաններում (անունները չեմ ուզում թվարկել, որովհետև դա շատ ժամանակ կխլի) քսերոքսով բազմացրած երաժշտախմբեր են նստած` միևնույն ծրագրով, ելույթների միևնույն հաջորդականությամբ: Այս դեպքում խոսքն անգամ երաժիշտների որակի մասին չէ, այլ երաժշտության:
-Ռեստորաններում այդ իրավիճակն ինչ-որ տեղ հասկանալի է, այնտեղ երաժշտության պահանջարկն առաջնային չէ: Իսկ բեմերո՞ւմ, եթերո՞ւմ:
-Նույն բանն էլ այնտեղ է կատարվում:
-Ի դեպ, չե՞ք նախանձում երգիչներին, որոնք, ֆոնոգրամայի «հրաշքին» ապավինած, շատ հեշտությամբ արժանանում են աստղային համբավի, այնինչ Դուք յուրաքանչյուր ելույթի ժամանակ ստիպված եք մեծ ջանք և էներգիա ներդնել:
-Հարցը շատ լավն է: Ո՛չ, չեմ նախանձում: Ես չէի ուզենա լինել այն մարդկանց տեղում, ովքեր, ունենալով կյանքի և երաժշտության շատ ցածր մակարդակ (ի դեպ, այս երկուսը սերտորեն կապակցված են), անվերջ հայտնվում են բեմերում, հեռուստաեթերում: Մեր հարգելի վարպետի` Ջիվան Գասպարյանի խոսքը պիտի հիշեմ. «Էսքան «աստղ» կա, մթության մեջ կորանք»: Ես հիսուն տարվա ընթացքում երբեք ոչինչ չեմ արել` նվագելուց բացի: Պաշտոն չեմ ուզել, չեմ էլ ուզում, որովհետև, կրկնեմ, ջազմենն ազատ մարդ է: Եթե մեկ-մեկ էլ ինչ-որ պաշտոններ են ինձ կպցնում (Հայաստանի ջազ-ակումբի նախագահ, «Հայկական ջազ-70»-ի կազմկոմիտեի նախագահ և այլն), դրանք սիմվոլիկ բնույթ են կրում: Չնայած վերջին ջազ փառատոնի ընթացքում մենք իսկապես մեծ աշխատանք կատարեցինք: Ես բնավ չեմ քարոզում ամբողջ երկրի «ջազիֆիկացիա», ինչպես Լենինն էր ժամանակին քարոզում ամբողջ երկրի էլեկտրիֆիկացիա: Բայց եթե ծնվում են նոր, հետաքրքիր խմբեր, ողջունում եմ դրանց ծնունդը և պայմաններ ստեղծում, որ ներկայանան «Malkhas jazz club»-ում:
-Մեր հասարակության ջիպավոր և տանիքավոր ներկայացուցիչների համար ակումբներն ու սրճարանները շվեյկյան քաջագործությունների պարարտ հող են ստեղծում: Ձեր ակումբում չե՞ն եղել նման միջադեպեր:
-Երեք ու կես տարի է` գործում ենք, դեռ նման խնդիր չենք ունեցել:
-Պայքարի հատուկ մեխանիզմնե՞ր են մշակված, թե՞ Ձեր արվեստն է զսպաշապիկի դեր խաղում:
-Փորձեմ պատասխանել հարցին: Այս ակումբում, ի տարբերություն մյուսների, այցելուների նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում: Եղել են դեպքեր, երբ ես այստեղ նստած եմ եղել, և ներս են մտել այնպիսի մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն մեզ մոտ հնչող երաժշտության, մեր մթնոլորտի հետ, ու հասկանալով, որ սա իրենց տեղը չէ, մուտքից հետ են դարձել: Այդպիսի մարդկանց համար այստեղ լինելը հետաքրքիր չէ, շատ անհարմարավետ է:
«ՔԱՂԱՔԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔՈՎ ԵՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ»
-Երևանը հեղեղված է մեծադիր պաստառներով, որոնց վրա պատկերված են մեր անվանի արվեստագետները` «Իմ զենքն իմ երգն է», «Իմ զենքն իմ բեմն է», «Իմ զենքն իմ գրիչն է» և այսօրինակ այլ մակագրություններով: Ձեզ երբևէ չի՞ համակել «զինավառվելու» այս շքերթին մասնակից դառնալու ցանկությունը:
-Ո՛չ: Գուցե և առաջարկել են, բայց ես չեմ ցանկանում այդպես երևալ հասարակությանը:
-Երևանի նորընտիր ավագանու կազմում ընդգրկված են անվանի արվեստագետներ` Վլադիմիր Մսրյան, Արա Երնջակյան, Մարտին Վարդազարյան: Ի՞նչ եք կարծում, դա կնպաստի՞, որ քաղաքային իշխանությունները զերծ մնան քաղաքական շահարկումներից և զբաղվեն բացառապես Երևանի ու երևանցիների խնդիրներով:
-Կարծում եմ` նրանց ներկայությունը միայն կնպաստի մայրաքաղաքի խնդիրների լուծմանը, մասնավորապես` մայրաքաղաքի մշակույթի ճիշտ ներկայացմանը: Այն մարդիկ, ովքեր համաձայնել են դառնալ Երևանի ավագանու անդամ, ընդունակ են լուծելու շատ լուրջ խնդիրներ: Ըստ իս, կարևոր է, որ քաղաքի ճակատագրով զբաղվելու են այնպիսի անվանի արվեստագետներ, որոնք քաղաքի նկատմամբ իրենց նվիրվածությունը կյանքով են ապացուցել: Նրանց ներկայությունը Երևանի ավագանու կազմում շատ բնական իրողություն է:
-Յուրաքանչյուր ընտրությունից հետո մենք ինչ-որ ցնցումների, թոհուբոհերի միջով ենք անցնում: Այս անգամ, փառք Աստծո, կարծես թե հարցերը համեմատաբար խաղաղ լուծվեցին: Սա պայմանավորված է իշխանությունների կողմից հանդուրժողականության դրսևորմա՞մբ, թե՞ ընդդիմության պասիվությամբ:
-Կարծում եմ` նախորդ ընտրությունների փորձն իր դրական դերակատարությունն է ունեցել այս հարցում: Ժողովուրդը հասկացել է, որ ընտրությունների ընթացքում պետք է հասնել առավելագույն դրական արդյունքի քաղաքի համար: Այս ընտրություններում, ըստ իս, մարդիկ զերծ մնացին նեղ անձնական հավակնություններից և ցանկացան, որ քաղաքի գլուխները, առաջին դեմքերը լինեն այն մարդիկ, ովքեր կարող են իսկապես օգուտ տալ Երևանին: Խոսքս ոչ միայն վերը հիշատակված արվեստագետների մասին է, այլև այն բոլոր մարդկանց, ովքեր ներգրավված են մայրաքաղաքի ավագանու կազմում: Իմ ծանոթներից և ընկերներից շատերն են այնտեղ, և ես ուրախ եմ, որ մենք կարող ենք արդեն ոչ միայն բողոքներով դիմել այդ մարմնին, այլև հանդես գալ լավ առաջարկներով ու նախագծերով: Կան մի քանի ծրագրեր, որոնցից մեկն էլ իմն է, մենք պատրաստվում ենք դրանք ներկայացնել մայրաքաղաքի ավագանուն, և ես վստահ եմ, որ կիրագործվեն, քանի որ ավագանու կազմում ունեմ համախոհներ, արվեստից հասկացող մարդիկ: Նրանք գիտակցում են, որ նման ծրագրերի իրագործումն առաջին հերթին պետք է քաղաքին, հետո նոր այս կամ այն մարդուն:
-Ճի՞շտ եք համարում ՀԱԿ-ի պահվածքը հետընտրական զարգացումներում, նրանց հրաժարվելը Երևանի ավագանու աշխատանքներին մասնակցելուց:
-Ես շատ զգույշ եմ այդ հարցերին պատասխանելիս, որովհետև վախենում եմ դիլետանտության մեջ ընկնել:
-Դուք պատասխանում եք որպես Երևանի քաղաքացի, ոչ թե որպես քաղաքագետ:
-Քանի որ ակտիվորեն չեմ հետաքրքրվում, թե ինչով են զբաղված այդ բոլոր կուսակցությունները, ուստի չեմ էլ կարող անսխալ դատել նրանց քայլերի մասին: Բայց, ամեն դեպքում, մտածում եմ, որ ՀԱԿ-ի պահվածքը ճիշտ չէ այն մարդկանց նկատմամբ, ովքեր նրանց վստահել ու ձայն են տվել: Իսկ այդպիսիք քիչ չեն:
«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴՐՈՎ ՊԻՏԻ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԶԲԱՂՎԵՆ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ»
-Մաեստրո, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման ընթացքը: Հնարավո՞ր է քաղաքակիրթ շփումների սահմաններում կառուցել մեր փոխհարաբերությունները:
-Շատ բարդ հարց է: Ես՝ որպես հայաստանցի, մինչև հիմա չեմ կարողանում ինքս ինձ համար պարզել, թե այդ հարաբերություններում դրական արդյունքի տոկոսայնությունը որքանո՞վ է գործում մեր օգտին: Եթե կարողանայի այդ հարցը պարզել, գուցե և ավելի ստույգ պատասխանեի: Բայց ինձ համար այս հարցը դեռևս խմորային վիճակում է: Ինձ թվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների խնդրով պիտի շատ լուրջ զբաղվեն մեր քաղաքագետները, ղեկավարները: Եթե մենք քայլ ենք արել Թուրքիայի հետ բանակցելու ուղղությամբ, արդեն չունենք հետընթաց ճանապարհ: Հետադարձ քայլը շատ ծանր կանդրադառնա մեզ վրա: Բայց ներկա վիճակում էլ այդ գործընթացի հաշվեկշիռն ինձ համար անորոշ է:
«ԱՅՆ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ Է ԲՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ, ԲԱՑԱՌԻԿ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է»
-Ի՞նչ եք կարծում, բազմաթիվ ու բազմատեսակ ցնցումներ ապրած մեր ժողովուրդը ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու կենսական ուժ կգտնի՞ իր մեջ:
-Այո՛: Որովհետև մեր ժողովուրդը, դժբախտաբար, մեծ փորձառություն ունի այդ տեսակի հարցերում: 90-ականների դժվարություններն ապրած ժողովրդին այս ճգնաժամը չի խեղճացնի: Փորձությունը, որն անցավ մեր գլխով այն տարիներին, աներևակայելի էր: Այդպիսի փորձությունից դուրս գալ, հաղթահարել ու դեռ գոյատևել, ամեն ժողովուրդ չէր կարող: Ես լավատես եմ և համարում եմ, որ այս ճգնաժամը ևս կհաղթահարենք: Չեմ ասի՝ շատ հեշտ, բայց և այնպես, կհաղթահարենք:
-Ինչպե՞ս եք գնահատում մեր վերաբերմունքը բնության, մասնավորապես, էկոլոգիական խնդիրների նկատմամբ:
-Էկոլոգիայի հանդեպ վերաբերմունքի հարցում մենք մեզ պահում ենք ինքնասպանների նման: Այն դաժանությունը, որ դրսևորվում է բնության նկատմամբ, բացառիկ բարբարոսություն է:
«ԵՍ ԱՄԵՆ ՕՐ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ԵՄ ՈՒՆԵՆՈՒՄ «MALKHAS JAZZ CLUB»-ՈՒՄ»
-Ջազի սիրահար հանդիսատեսին սպասո՞ւմ է հանդիպում լեգենդար Մալխասի հետ՝ մենահամերգի ձևաչափում:
-Իհարկե, հանդիպում նախատեսվում է, թեև նման բաների մասին չեմ սիրում ժամանակից շուտ խոսել: Այս տարի ես դառնում եմ 65 տարեկան, նաև լրանում է իմ բեմական գործունեության 45, թե 50 տարին: (Չգիտեմ՝ որ թիվն է ճիշտ, որովհետև նվագում եմ 15 տարեկանից, բայց լրջորեն` 20-ից): Օրեր առաջ անցնում էի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի կողքով, նկատեցի մի հսկայական ցուցանակ՝ վրան ինչ-որ երգչուհու, թե պարուհու մեծադիր նկարը և մակագրություն. «5 տարի բեմի վրա»: Ակամա սկսեցի մտածել. «Ա՛յ բալամ, բա ես հիսուն տարի եմ բեմի վրա…»: Իհարկե, ես ամեն օր եմ մենահամերգ ունենում «Malkhas jazz club»-ում (ինչպես, օրինակ, այսօր, որ պիտի նվագեմ Ֆրանսիայից եկած երկու ջազմենների հետ), բայց տարեվերջին կլինի իմ մենահամերգը մեծ բեմում՝ նշված հոբելյանների շրջանակում:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2643

Մեկնաբանություններ